Հայաստան, 0010, Երևան, Հանրապետության Հրապարակ (Կենտրոն վարչ. շրջան Երևանում)
Հանրապետության Հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական կառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-1990 թթ.՝ կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977 թվականին)։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հա)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հանրապետության հրապարակի ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը, Կառավարական 2-րդ տունը, Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով: