Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը, ՀՀ կենտրոնական բանկը ևս նպատակ է հետապնդում ապահովել գների կայունությունը: Գների կայունությունը մակրոտնտեսական կայունության կամ տնտեսական գործունեության համար կայուն պայմանների ստեղծման հիմնական նախադրյալներից է: Գների կայունության ապահովմամբ ԿԲ-ը նպաստում է երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճին, հետևաբար բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Միջազգային փորձի հիման վրա իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ բարձր և տատանողական գնաճը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Մասնավորապես, բարձր և տատանողական գնաճի պայմաններում, որն, ի դեպ ուղեկցվում է նաև գների փոփոխման հետագա անորոշությունների մեծացմամբ, կրճատվում են իրական եկամուտներն ու խնայողությունները, ինչպես նաև երկարաժամկետ բիզնես ծրագրերում ներդրումները: